Четверг, 18 августа
Shadow

Ազգային համերով. ամերիկյան քաղցրաբլիթ

Գաղտնիք չէ, որ աշխարհում տարօրինակությունների պակաս չկա. տարօրինակ մարդիկ, երևույթներ, սովորույթներ և տոներ: Այսպիսով, հունիսի 5-ը ԱՄՆ-ում տոնվում է որպես «Քաղցրաբլիթի ազգային օր» (National Gingerbread Day):

Կարծիք կա, որ քաղցրաբլիթների 1-ին բաղադրատոմսը 992 թվականին իր հետ Եվրոպա է բերել մի հայ հոգևորական: Մինչ իր մահը նա 7 տարի ապրել է այնտեղ և սովորեցրել ֆրանսիացի հոգևորականներին քաղցրաբլիթներ պատրաստել: Բաղադրության մեջ օգտագործվող համեմունքները ժամանակին բավականին թանկ են եղել, ինչի պատճառով էլ այն հասանելի է եղել միայն ունևորներին: Իսկ կոճապղպեպով քաղցրաբլիթները Եվրոպայում հայտնի են դարձել սկսած 17-րդ դարից, երբ սկսել են վաճառվել վանքերում, դեղատներում և գյուղատնտեսական շուկաներում:

Եվ ահա ձեզ ենք ներկայացնում ամերիկյան քաղցրաբլիթների մին բաղադրատոմս: Անհրաժեշտ է.

  • Ցորենի ալյուր – 200գ
  • Հավկիթ – 1 հատ
  • Սերուցքային կարագ – 100գ
  • Շաքարավազ – 100գ
  • Սոդա – 1,5 թ/գ
  • Մեղր – 3 թ/գ
  • Աղացած դարչին -1 թ/գ
  • Աղացած կոճապղպեղ – 2 թ/գ
  • Աղացած հիլ – 1 թ/գ
  • Աղացած մեխակ – կես թ/գ
  • Կակաոյի փոշի – 1թ/գ

Սկզբի համար անհրաժեշտ է միասին հարել կարագն ու շաքարավազը, ավելացնել ձուն և մեղրը: Չոր բաղադրիչները առանձին տարայի մեջ մաղում ենք, խառնում և ավելացնում թանձր զանգվածի վրա: Այնուհետև անհրաժեշտ է լավ հունգել խմորն ու 1,5 ժամով տեղափոխել այն սառնարան: 1,5 ժամից այն պետք է դուրս բերել սառնարանից, բարակ գրտնակել, կաղապարի միջոցով կտրատել և թխել ջեռոցում 5-7 րոպե 180°С ջերմաստիճանի տակ:

Վուալյա: Պատրաստ է: Բարի ախորժակ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.