Ինչքան էլ զարմանալի հնչի, բայց աշխարհի առաջին արևային ակնոցը օգտագործվել է ոչ թե աշխարհի ամենաշոգ երկրներում, որտեղ արևն այրում է , այլ Հյուսիսի ծայրամասային շրջաններում:
Էսկիմոսները և մյուս ժողովուրդները լավ գիտեին, թե ինչ է ձնային կուրությունը: Գարնանը արևի լույսի ինտենսիվությունը բարձրանում է, և ձյունը շատ լավ անդրադարձնում է արևի շողերը: Պատկերացրեք՝ ինչի՞ նման կլինի, ասենք, Արկտիկայում չպաշտպանված աչքերով ձյան անծայրածիր ծովին նայելը:
Ուստի այդ պայմաններում ապրող ժողովուրդները արևային լույսից պաշտպանվելու տարբերակներ պետք է գտնեին: Լույսը խավարեցնող ժամանակակից միջոցներից զուրկ լինելով՝ նրանք հայտնագործեցին աչքի համար արևի լույսի ինտենսիվությունը նվազեցնող հարմարանք: Իսկ այդ հարմարանքը աչքերի համար նեղ բացվածքով ակնոցն էր: Այսպիսի ակնոցը, իհարկե, այն կրողի տեսադաշտը հասցնում էր նվազագույնի, բայց որ ամենակարևորն է, այն հնարավորություն էր տալիս ճանապարհ գնալ անգամ կուրացնող արևի դեպքում:
Նման ակնոցը սովորաբար պատրաստվում էր փայտից կամ կենդանու ոսկորից: Այս տիպի ամենահին ակնոցը պեղվել է Բերինգի ծովի մոտակայքում և ունի մոտ 2000 տարվա հնություն: