ՄԱԿ-ի որոշմամբ 1972 թվականից ի վեր հունիսի 5-ը տոնվում է որպես շրջակա միջավայրի համաշխարհային օր: Այսպիսի տոն սահմանելու հիմնական նպատակն էր խոշոր արդյունաբերական ընկերությունների, կազմակերպությունների և ընդհանրապես ցանկացած մարդու ուշադրությունը սևեռել էկոլոգիական խնդիրների վրա: Տարեց տարի այսպիսի խնդիրները ավելանում են, ինչը նշանակում է, որ պետք է մտածել, թե ինչպես մեր մոլորակը դարձնել ավելի անվտանգ ու մաքուր:
Պատահական չէ, որ այս տոնը անվանում են միջազգային: Այն տոնվում է աշխարհի մի շարք երկրներում, որտեղ արդեն գիտակցել են էկոլոգիական խնդիրների լրջությունը: Այս տոնը հունիսի 5-ին նշելը վավերացվել է ՄԱԿ-ի հատուկ բանաձևով: Եվ հենց այդ օրն ընդունված է մեծ միջոցառումներ անցկացնել և դրանցով իսկ շարժել մարդկանց հետաքրքրությունը էկոլոգիական հարցերի և դրանց լուծման նկատմամբ:
Ռուսաստանում այդ օրը համարվում է նաև էկոլոգների օր, այսինքն՝ այն միջազգային տոնից բացի վերածվում է նաև մասնագիտական տոնի:
Շրջակա միջավայրի օրը կարելի է համարել նաև ընտանեկան տոն: Ուստի օրը ճիշտ նշելու և գալիք սերնդի մեջ շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարություն ձևավորելու համար կարելի է կազմակերպել ընտանեկան շաբաթօրյակ և մաքրել տան հարակից տարածքը կամ այգին, ինչպես նաև կազմակերպել ծառատունկ: Փոքր երեխաների համար կարելի է կազմակերպել թեմատիկ նկարների, իսկ պատանիների համար՝ հետաքրքիր ծրագրերի կամ էսսեների մրցույթ:
Պահպանել շրջաակա միջավայրը, անշուշտ, անհրաժեշտ է, ինչը, սակայն, հնարավոր չի լինի քաոսի և ատելության մեջ: Բարի՛ եղեք միմյանց նկատմամբ: Խաղաղություն բոլորիս: