Понедельник, 7 октября
Shadow

Նա միակ ՀԱՅ դերասանուհին է ում հաջողվեց նվաճել Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակը․

Գալյա Նովենցը հայ կինեմատոգրաֆի այն դեմքերից է, որին անվերապահորեն վստահեց ու սիրեց հանդիսատեսը: Նրա ստեղծած կերպարները հայ կնոջ ինքնության արտացոլումն են՝ ուժեղ, տառապագին ճանապարհ անցած, բայց ներքին լույսը երբեք չկորցրած հայուհիներ․․ Չնայած կինոդերերի ոչ մեծ ցանկին, տաղանդավոր դերասանուհին իր խաղով առանձնահատուկ հմայք է հաղորդել ազգային կինոյի այնպիսի ֆիլմերին, ինչպիսիք են «Բարև, ես եմ» կինոնկարը, որը դերասանուհու առաջին դերն էր կինոյում, «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետը», «Կտոր մը երկինքը», «Մեր մանկության տանգոն», «Խնձորի» այգին և այլն․․.

Նովենցը մեծանում էր ավանդական հայկական ընտանիքում, ծնողները երաժշտական մարդիկ էին, բայց ապագա դերասանուհու ոգեշնչման գլխավոր աղբյուրը մորաքույրը՝ դերասանուհի Լյուսյա Հովհաննիսյանն էր՝ Խորեն Աբրահամյանի կինը, որին Գալյան Լուսիկ էր անվանում. «Ես ծնվել եմ Երևանում։ Հայրս ծնողներին վաղ հասակում էր կորցրել, և ես տատ ու պապիս չեմ տեսել։ Մայրս արմատներով տաճկահայ էր, իսկ մորական տատս ծնվել էր Տիգրանակերտում։ Ծնողներս հասարակ մարդիկ էին, ու մեր ընտանիքն էլ պարզ, հայկական ավանդապաշտ ընտանիք էր։ Հայրս ժամանակին նվագել էր զինվորական նվագախմբում, իսկ մայրս շատ գեղեցիկ երգում էր։ Բացի այդ, մեզ հետ էր ապրում իմ մորաքույրը»:

1950-ականների վերջերին Գալյա Նովենցն ավարտեց Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, ու ճակատագիրը նրան Հայաստանի գրեթե բոլոր թատրոններով տարավ՝ 1958-1961 թվականներին՝ Կապանի, 1971-1977 թվականներին` Գյումրիի, 1977-1983 թվականներին`Երևանի դրամատիկական թատրոն, ավելի ուշ Սունդուկյանի թատրոնն էր, իսկ 1993 թվականից` Համազգայինը: «Մեր մանկության տանգոն» կինոնկարը դիտելուց հետո Փարաջանովի ու Մալյանի նախընտրած դերասանուհին՝ Սոֆիկո Ճիաուրելին հիացմունքով արձանագրեց. «Այսուհետև հայ կինոն իմ կարիքը չի զգա, իսկ վրացական կինոն իր ֆիլմերում նկարահանվելու համար կհրավիրի Գալյա Նովենցին»:

Թերևս «Մեր մանկության տանգոն» ֆիլմով էլ արժե սկսել ծանոթությունը դերասանուհու կինոդերերի հետ: 1984-ին Ալբերտ Մկրտչյանի նկարահանած ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Սիրանուշը մի կին է, որին ամուսինը լքել է: Ի սկզբանե, Ալբերտ Մկրտչյանն իր հերոսուհու դերում պատկերացնում էր մեկ այլ հոյակապ դերասանուհու՝ վրացուհի Սոֆիկո Ճիաուրելիին. «Մի անգամ Գալյային ասացի, որ որոշել եմ այդ դերի համար Ճիաուրելլիին հրավիրել։ Գալյան, որ մինչ այդ հանգիստ լսում էր ինձ, հանկարծ զայրացավ, տեղից վեր թռավ և բացականչեց․ «Այսինքն ե՞ս չեմ խաղալու այդ դերը։ Էնպես կխաղամ, դեռ կտեսնես»։ Եվ հասկացա, որ հենց այդպիսի էներգետիկա եմ փնտրում։ Սիրանուշի դերն արդեն նրանն էր», -ավելի ուշ պատմել է Մկրտչյանը։

«Անկեղծ ասած, կինոն երբեք իմ սերը չի եղել: Իմ ամենամեծ սրբությունը թատրոնն է: Բայց ստացվել է այնպես, որ քիչ թե շատ ստեղծագործելու հնարավորություն ինձ կինոն է տվել: …Յուրաքանչյուրը թատրոնից ստանում է այն, ինչ փնտրում է: Թատրոնում ամեն ինչ պիտի լինի, բայց նախ և առաջ` սեր, արժանապատվություն, լույս»,- անկեղծացել է Գալյա Նովենցը․․ Գալյա Նովենցի դեմքն ինքնին առանձին մի «անհատականություն» է. այն ապրում, խաղում է դերասանուհու մարմնից և խոսքից անկախ: Դիմագծերը՝ դեմքը, փոքր-ինչ կախ աչքերը և շուրթերի դիրքը, որոնք ժպիտ են հիշեցնում նույնիսկ այն ժամանակ, երբ դերասանուհին չի ժպտում, կերպարին լուսավոր հմայք ու խոհականություն են հաղորդում: Անգամ այնպիսի էպիզոդիկ դերում, ինչպիսին է մեղվապահ կնոջ դերը Հենրիկ Մալյանի «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում, էկրանային կարճ դրվագի ընթացքում դերասանուհին իմաստություն ու հանդարտություն է խորհրդանշում. նրա շարժումները զուսպ են, խոսքը՝ հանգիստ, ամբողջ դերի պատասխանատվությունն ընկած է դեմքի վրա:

Գալյա Նովենցը միակ հայ դերասանուհին է, որին հաջողվեց նվաճել Վենետիկի 42-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակը կնոջ լավագույն դերակատարման համար, որն ազգային կինոյի մեծ ձեռքբերումն ու հպարտությունն է: Բայց նա դերասանուհի է, որն ունի շատ ավելին՝ մարդկանց չխամրող հիշողությունն ու երախտագիտությունը՝ էկրանին ու բեմին նվիրումի համար:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *