Դերասան Սոս Ջանիբեկյանը հնարավոր է նշանակվի Երեւանի քաղաքապետարանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի տնօրեն։
Այս մասին գրում է MediaHub.am կայքը։
Ըստ սկզբնաղբյուրի, թատրոնի դերասան Արծրուն Չոբանյանը հայտնել է, որ թատրոնի անձնակազմը դեմ է Ջանիբեկյանի նշանակմանը։
«Թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մակիչ Մարգարյանն է ինձ ասել, որ Սոսը թատրոնի տնօրեն է նշանակվել, քաղաքապետարանից նրան արդեն ներկայացրել են։ Իմ այն հարցին, որ տնօրենն ընտրվում է մրցույթով, սա օրենքի խախտում է, պատասխանեց՝ չգիտի մանրամասները»,- պատմել է Չոբանյանը։
Ինքը՝ Ջանիբեկյանը չի հերքել նշանակման մասին տեղեկությունը։ «Դեռ քննարկման փուլում է»,- ասել է նա եւ ավելացրել, որ «դեռ շատ նախնական փուլում է գործընթացը»։
Առաջարկն ընդունելու մասին հարցին էլ ասաց, որ դեռ մտածում է․ «Մանրամասներն ենք քննարկում, նման պրոցեսներն անմիջապես տեղի չեն ունենում»։